Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:
Կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21- ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրնները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է. «Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան, խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք, որ ապրիլին Հայաստան կգա նոր ծրագրով»:
Փառատոնի այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: